25/12/2019 18:58
Իրանի դեսպան. Թեհրանը և Մոսկվան պետք է կտրուկ աճի հասնեն տնտեսական հարաբերություններում
Թեհրանը և Մոսկվան պետք է կտրուկ վերելք ապահովեն տնտեսական հարաբերություններում, կողմերը մեծ ներուժ ունեն, սակայն տնտեսության բնագավառում կապերը պատշաճ մակարդակի վրա չեն, հայտարարել է ՌԴ-ում Իրանի նորանշանակ դեսպան Քազեմ Ջալալին:
Քաղաքական ոլորտում Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, ավելացրել է դեսպանը, նշելով այն ուղղությունները, որոնցում կողմերին անհրաժեշտ է ավելին անել:
«Իսկ համագործակցության մյուս ուղղությունը տնտեսական սեկտորն է: Ապրանքաշրջանառության ծավալը երկու երկրների միջև մեծ չէ՝ 2 մլրդ դոլարից պակաս: Իմ կարծիքով՝ այդ ցուցանիշն անհրաժեշտ է մեծացնել», - ասել է Ջալալին՝ РИА Новости-ին տված հարցազրույցում, նշելով, որ հարաբերությունները պետք է զարգացնել ռազմավարական ուղղություններում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Իրանը մեծ ներուժ ունեն տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու համար. իր տնտեսական պահանջմունքների զգալի մասն Իրանը կարող էր բավարարել Ռուսաստանի և այդ երկրից ներմուծման հաշվին այն դեպքում, երբ Իսլամական Հանրապետությունը նույնպես առաջարկելու բան ունի իր հյուսիսային հարևանին, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանք:
«Տնտեսական ոլորտում, կարծում եմ, անհրաժեշտ է, որ մենք ջանանք ցատկ կատարել, հատկապես հաշվի առնելով այն, որ Իրանը համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ-ի հետ, և այդ համաձայնագիրը վավերացված է խորհրդարանի կողմից», - ասել է դեսպանը:
Ջալալին՝ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորը, երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինելու Մեհդի Սանայիին, որն իր երկրի շահերը ներկայացնում էր 2013 թվականից: