25/12/2019 16:45
Էդ Շիրանն ընդհատել է կարիերան
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը, որը Official Charts-ի վարկածով, տասնամյակի արտիստ է դարձել Մեծ Բրիտանիայում, դադար է վերցրել կարիերայում, որպեսզի հանգստանա երեք տարվա անընդմեջ աշխատանքից հետո և իրեն նվիրի ճամփորդություններին, ընթերցանությանն ու ստեղծագործությանը. նա այդ մասին հայտարարել է Instagram-ի իր էջում:
Ինչպես նշել է երաժիշտը, սկսած 2017 թվականից, երբ թողարկվել է նրա «Divide» ալբոմը, ինքն աշխատել է գրեթե առանց ընդմիջման:
«Ուստի այժմ ես պարզապես կարճատև դադար կվերցնեմ, որպեսզի ճամփորդեմ, գրեմ ու կարդամ: Ես սոցիալական ցանցերում չեմ լինի այնքան ժամանակ, մինչև գա վերադառնալու ժամանակը»,-գրել է նա:
Շիրանը չի նշել, թե որքան ժամանակով է ինքը պատրաստվում ընդմիջում վերցնել՝ նշելով միայն, որ «կտեսնվենք, երբ կտեսնվենք»: 28-ամյա երաժիշտն իր երկրպագուներին խոստացել է՝ անպայման վերադառնալ նոր երգերով, երբ ժամանակը գա: