25/12/2019 19:04
Քաղաքականությունից՝ սոցիալական խնդիրներ, կենցաղ ու մարդկային հարաբերություններ. Հայկ Պետրոսյանի նոր ներկայացումը Աստծո ու ոսկու «պայքարի» մասին է
Հայկ Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ մենաներկայացմամբ է հանդես եկել: Սուր խոսքով ու ասելիքով երիտասարդ արտիստն ամեն անգամ դիպուկ շեշտադրմամբ անդրադառնում է հանրության համար ամենախոցելի ու նուրբ թեմաներին՝ քաղաքականությունից մինչև սոցիալական խնդիրներ, կենցաղ ու մարդկային հարաբերություններ: Եվ այդ ամենը պարտադիր համեմված թեմատիկ երաժշտական ձևավորմամբ:
Դեկտեմբերի 16,17,18-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում նրա նոր՝ «IN GOLD WE TRUST» ներկայացման առաջնախաղերն էին: Հանդիսատես-դերասան շփումն այնքան անմիջական ու անկաշկանդ էր, որ մի պահ մոռանում էիր՝ բեմո՞ւմ, թե՞ դահլիճում ես:
Aysor.am-ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանը խոստովանեց՝ սցենարը գրվել է 4-5 օրում, 4-5 օր էլ հասցրել է տրամադրել փորձերին:
Որպես հանդիսատես, խոստովանեմ՝ այդ շտապողականությունը նկատելի էր՝ ներկայացման բաղադրատոմսն ու մատուցումը հրաշալի էր, բայց մի փոքր «կիսաեփ»: Սակայն ասելիքն այնքան հագեցած էր ու դինամիկ, որ նույնիսկ այդ «անեփ» վիճակը դահլիճում գտնվողներին չէր խանգարում լիաթոք ծիծաղել: Ի դեպ, ներկայացման հերթական, բայց վստահաբար առավել հղկված բեմելը տեղի կունենա արդեն հունվարի 13-ին: Հանդիպման վայրն այս անգամ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնն է:
Այնքան իրական ու նույնքան առօրեական «IN GOLD WE TRUST»-ը մեր հասարակության, կենցաղի ու քաղաքականության մասին է: Ինչպես Հայկ Պետրոսյանն է շեշտում՝ ժամանակակից մարդուն հասած խնդիրների ու մարտահրավերների, ընտրության մասին է: Շուրջ մեկ ու կես ժամ տևողությամբ ներկայացման ամբողջ ընթացքում կարծես մրցում են GOD-ն (Աստված) ու GOLD-ը (ոսկի)՝ հոգևորն ու նյութականը:
«Բոլոր թեմաներում՝ կին-տղամարդ, քաղաքականություն և այլն, Աստվածն ու ոսկին միշտ հակասությունների մեջ են ու բախվում են միմյանց, երևի կյանքի օրենքն է այդպես… Գիտեք, այս ոճի ներկայացումները յուրահատուկ են այն իմաստով, որ հաճախ այս կամ այն տեսարանը հենց հանդիսատեսի հետ ես կառուցում, ելնելով արձագաքներից՝ փոփոխություններ ես անում: Բայց հավատացեք, դա պոպուլիզմի հետ որևէ առնչություն չունի: Ուղղակի ասելիքիդ ձևն ես փոփոխում, չէ՞ որ նման դեպքերում պետք չէ մոռանալ, որ դու աշխատում ես ոչ թե մեկ-երկու հոգու, այլ քիչ թե շատ մեծ լսարան ապահովող հանդիսատեսի համար», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ ո՞ր թեման է, որ առավել շատ թվով հանդիսատես է բերում թատրոն, ժպիտով պատասխանեց՝ քաղաքականությունն ու կին-տղամարդ հարաբերությունները: Պատվավոր երրորդ տեղում շոու-բիզնեսի մասին կատակներն են:
Հայկ Պետրոսյանին հանդիսատեսը դեռևս միայն մեկ ֆիլմում է տեսել. ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»-ը նրա կինոդեբյուտն էր: Դերասանը հաջորդ տարվա հետ կապված էկրանային ու բեմական բազմաթիվ ծրագրեր ունի: Ու ամենակարևորը՝ մեծ հույս ունի՝ 2020-ին այդ ամենը կիրագործվի ու GOD-ի շնորհիվ տարին կդառնա GOLD: