26/12/2019 14:57
2020թ.-ին Հայաստանը պլանավորում է զենք ձեռք բերել ռուսական ORSIS ընկերությունից
Հաջորդ տարվա ընթացքում Հայաստանը պլանավորում է զենք ձեռք բերել ռուսական ORSIS ընկերությունից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Հաջորդ տարի պլանավորված է որոշակի զենքերի գնում ORSIS-ից», - ասաց Դավթյանը:
Հիշեցնենք, որ ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից», Aysor.am-ի հետ զրույցում ասել էր Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հայաստանում քրեական գործ էր հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մրցույթն, առանց պատճառների մասին բացատրություն տալու, չեղարկվել է։