26/12/2019 16:15
Դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին
Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որոշելով 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորել, նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով` որոշելով բավարարել քննիչի միջնորդությունը՝ պարոն Թավադյանին 2 ամսով կալանավորել», - ասաց Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանն ասաց, որ իրենք բողոքարկելու են որոշումը, դրա վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ։
«Հիմա պարոն Թավադյանին տեղափոխելու են ձերբակալվածների պահման վայր, այնուհետ՝ կալանավայր, դեռ պարզ չի որտեղ», - ասաց Հովհաննես Խուդոյանը։