26/12/2019 14:51
Դեպքը եղել է, բայց այսօր, այս վիճակում ասեք՝ ես ի՞նչ պետք է անեմ և ես կանեմ. վարչապետը՝ մահացած զինծառայողի հարազատներին
Հույս ունենք, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողը գիտակցություն կգա և կպատմի եղելությունը, բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեպքը եղել է, բայց այսօր, այս վիճակում ասեք՝ ես ի՞նչ պետք է անեմ և ես կանեմ», - ասաց նա։
Զինծառայողի պապը, դեպքը նկարագրելիս, հայտնեց, որ թոռան դիակի վրա բռնության հետքեր են եղել։ Վարչապետը, սակայն, նշեց, որ իրեն հակառակն են զեկուցել։
«Տեղի է ունեցել շատ մեծ ողբերգություն։ Քրեական գործ է հարուցված։ Հիմա քննություն է գնում և պետք է պարզվի՝ ինչ է տեղի ունեցել։ Մեր տղային չենք կարող հետ բերել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի քննությունը օբյեկտիվ լինի», - ասաց վարչապետը՝ կատարվածի հիմքում տեսնելով փողոցային բարքերը, միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։
Վարչապետի խոսքով՝ երկար տարիներ «գողական մտածելակերպի» սնուցում է տեղի ունենում, և իրենք անում են ամեն բան, որ մարդու կյանքը արժեք դառնա։