26/12/2019 14:30
Միջոցներ ենք ձեռնարկում, որ հակառակորդին թույլ չտանք Նախիջևանի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի ճնշող գերակայություն ունենալ. ԳՇ պետ
Դիրքային առավելություններ հայկական կողմն ունի սահմանի բոլոր հատվածներում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով Նախիջևանի հատվածում հայկական կողմի դիրքային առավելությունների մասին:
«Պաշտոնապես ասում եմ, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի վատացում չենք ունեցել, ունեցել ենք մարտավարական բնույթի բարելավում: Ադրբեջանը բավական ջանքեր է գործադրում Թուրքայի հետ, որպեսզի Նախիջևանի համազորային բանակն ուժեղացնի և որոշակի սպառազինության նմուշներ, որոնք նախկինում չեն եղել Նախիջևանում, ունեն», - ասաց Դավթյանն՝ ընդգծելով.
«Դրան զուգընթաց մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի թույլ չտանք Նախիջևանի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի ճնշող գերակայություն ունենան, որը թույլ կտա իրենց առանձին գործողությունների ժամանակ վստահ զգալ այդ ուղղությամբ», - ասաց Արտակ Դավթյանը:
Նա նշեց՝ «տեղ կա, որ հակառակորդն ունի գերիշխող բարձունքում դիրք, տեղ կա՝ մենք»:
«Քանակային առումով հայկական կողմը 30-40 տոկոսով ավելի գերիշխող դիրքեր ունի: Կոնկրետ Նախիջևանի ուղղության վրա շահարկումները պարբերաբար են լինում: Էական փոփոխություններ այս պահին չկան: Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք որոշակի փոփոխություն ենք ունեցել դիրքերի բարելավման առումով: Դրանք, սակայն, տեղային բարելավումներ են», - ասաց Արտակ Դավթյանը:
ԳՇ պետի խոսքով՝ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցի լայնացման և զարգացման ուղղությամբ։