26/12/2019 12:01
Ամեն ինչի ընդունակ եմ, կգնամ դիակը կհանեմ, կբերեմ ստեղ. լարված իրավիճակ՝ կառավարության մոտ (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները։
Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արթուր Աջամյանի մայրն իրավապահներից պահանջեց բացել ճանապարհը, որպեսզի ինքը մուտք գործի կառավարություն և հանդիպի գործադիրի ղեկավարի հետ։
Իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց։ Այնուհետև զոհված զինծառայողի հարազատները ժամանակավորապես փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Իրավապահներն ուժով նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։
Արթուր Աջամյանի պապը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարության շենքի առջևից կհեռանան միայն այն ժամանակ, երբ վարչապետը կիջնի և պարզաբանումներ կտա։
«Ես ամեն ինչի ընդունակ եմ, արդարություն եմ ուզում։ Կգնամ դիակը կհանեմ, կբերեմ ստեղ», - ասաց նա։