27/12/2019 12:40
Վեց ամիս առաջ ինձ զգուշացրել էին, որ հրաժարական չտալու դեպքում ինձ մեղադրանք կառաջադրվի. Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի լավ տրամադրություն ունի, ՀՔԾ քննիչի հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
«Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի», - ասաց Հրայր Թովմասյանը՝ խոստանալով մի օր խոսել դրա մասին։
X, Y, Z քայլերը, նրա խոսքով, հրաժարական տալն էր։
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Հրայր Թովմասյանն ասաց, թե իր կյանքում ոչ մի բան չի փոխվել և չի էլ կարող փոխվել։
«Քննիչի հետ մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրեն ասացի, որ ես գնահատում եմ իրեն, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ», - ասաց Հրայր Թովմասյանը։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):