27/12/2019 10:27
Սա բեմականացման արարներից մեկն է. Դավիթ Հարությունյանը՝ Հրայր Թովմասյանի հարցաքննության մասին (Տեսանյութ)
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը բեմականացման արարներից մեկն է, լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Յուրաքանչյուր մարդու կարելի է հարցաքննել որպես վկա: Իհարկե, դատավորին էլ որպես վկա իրավունք ունեն հարցաքննել, բայց երբ դա նայում ենք ողջ պատկերի մեջ, ակներև է դառնում, որ սա բեմականացման արարներից մեկն է», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի Թովմասյանի հարցաքննությունը, Հարությունյանն ասաց.
«Փորձել Հրայր Թովմասյանին որևէ ձև մեկուսացնել: Արդեն ակներև է դառնում, որ մեզ մոտ քրեական գործերի հարուցման նվազագույն պահանջները կտրուկ նվազել են, մեկ անձի ցուցմունքով կարելի է սկսել քրեական հետապնդում, Արա Բաբլոյանի օրինակը վառ օրինակ է»:
Հարությունյանը նաև նշեց, որ ՍԴ նախագահի հարցաքննությունը փորձ է՝ ճնշում գործադրել ՍԴ դատավորներ վրա, որպեսզի նրանք օգտվեն վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից:
«Սա նպատակ ուներ ճնշում գործադրել դատարանի այլ անդամների վրա՝ ստիպելով նրանց ընդունելու այն անպարկեշտ առաջարկությունը, որն արվել է օրենքով», - հավելեց Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը կհարցաքննվի այսօր ժամը 10:30-ին:
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: