27/12/2019 12:53
Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, հույս ունեմ՝ գլխավոր դատախազը չի դառնա հանցակից. Դավիթ Հարությունյան
Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրան նկատմամբ անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով է գործում: Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, որը սահմանված է ՔՕ 309-որդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնել, հեղ.)», - ասաց Հարությունյանը:
Նա նկատեց, որ գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո՝ հույս հայտնելով, որ դատախազը չի դառնա հանցակից.
«Հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը: Այն, որ խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, միանշանակ է»:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: