27/12/2019 10:44
Նման օրենքի ստորագրումը կասկածի տակ է դնում նախագահի ինստիտուտի սահմանադրականությանը հետևելու գործառույթի իրականացումը. Մելիքյան (Տեսանյութ)
Հրայր Թովմասյանի այսօրվա հարցաքննությունը ուղիղ կապ ունի երեկ հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Կամավորության սկզբունքը, որ դրված է այս օրենքի հիմքում, միֆ է, գոյություն չունի: Զարմանալին այն է, որ քաղաքական իշխանությունները որքան արագ ու առևույթ ցույց տվեցին այդ փաստը օրենքի ստորագրումից րոպեներ անց, երբ ՀՔԾ քննիչաները գործողություն կատարելու համար գնացին ՍԴ: Այս օրենքի ստորագրումը պետք է համարել այս գործողությունների պատճառը: Սա նաև սիմվոլիկ գործողություն է քաղաքական իշխանությունների կողմից», - ասաց նա:
Մելիքյանն ընդգծեց, որ այս ամբողջ գործողությունները ճնշում են ՍԴ ընդհանուր կազմի վրա:
Իրավապաշտպանը նաև նկատեց, որ նախագահի կողմից նման օրենքի ստորագրումը կասկածի տակ է դնում նախագահի ինստիտուտի սահմանադրականությանը հետևելու գործառույթի իրականացումը:
Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հարցաքննվեր այսօր ժամը 10:30-ին:
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որով նախատեսվում է Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը տրամադրել նրան կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով: