08/01/2020 05:12
Իրանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտների. Վաշինգտոնը հետևում է իրավիճակին (Տեսանյութ)
Այս գիշեր Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում տեղակայված ԱՄՆ մի քանի ռազմական օբյեկտների:
Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռներով առաջին հարվածը եղել է Իրաքի արևմուտքում (Այն ալ-Ասադ) տեղակայված ամերիկյան ռազմաբազային: Քիչ անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է հրթիռակոծության երկրորդ փուլի մեկնարկի մասին:
Ըստ չհաստատված տեղեկության՝ հրթիռակոծությունից հետո ԱՄՆ օդուժի կործանիչներն օդ են բարձրացել Լիբանանում, ԱՄԷ-ում ու Թուրքիայում տեղակայված ավիաբազաներից:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան խոսնակը՝ Վաշինգտոնը տեղեկացված է հարվածների մասին և ուշադիր հետևում է իրավիճակին:Սպիտակ տանն անցկացվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ:
Իրանն արդեն ստանձնել է հրթիռային հարվածի պատասխանատվությունը և տեղի հանրային հեռուստաընկերությունն այս գործողությունները որակել է որպես իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատասխան:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով աղբյուրին, Իրանի ռազմական օդուժը ևս օդ է բարձրացվել ու թռիչքներ է իրականացնում երկրի տարածքում ու սահմանամերձ շրջաններում:
Իրանում նշում են, եթե ԱՄՆ-ն Թեհրանի նկատմամբ որևէ ագրեսիա դրսևորի՝ կարժանանա «ցնցող պատասխանի»: