08/01/2020 14:13
ժողովուրդն ուզում է, որ ծննդատունը մնա. «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժ/պ
Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ այս պահին շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան միջպետական մայրուղու մի հատվածը: Նրանց են միացել նաև ծննդատան աշխատակիցները, որոնք կանգնած են գործազրկության խնդրի առջև, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ճանապարհը փակելու պատճառն առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից Մարալիկի բժշկական ամբուլատորիայի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումն է:
«Եթե ծննդատունը փակվի, անաշխատանք կմնա ծննդատան 12 բուժաշխատող։ Այնտեղ ճիշտ այդքան մարդ է աշխատում։ Մարալիկի ծննդատանը տարեկան հարյուրից ավելի ծնունդ է գրանցվում։ 2018 թվականին, օրինակ, 126 երեխա է ծնվել, 2019-ին՝ 106։ Ամիս կա՝ 4 երեխա է ծնվում, ամիս կա՝ 7,8, 12 երեխա։ Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ, նաև Մարալիկ քաղաքը։ Այն գյուղերից, որտեղ տրանսպարտային խնդիր կա, միանգամից գնում են Գյումրի, Մարալիկ չեն կարողանում գալ», - ասաց նա։
Վռամ Մելիքյանն ավելացրեց, որ առնվազն վերջին մեկուկես տարվա ընթացքում Մարալիկի ծննդատունը պետությունից ժամանանակից բուժտեխնիկա չի ստացել։ Այս հարցով աջակցել են մի շարք բարերարներ։
«Ինչ կա՝ եղել է բարեգործների կողմից։ Նախարարության կողմից ոչ մի բան չի հատկացվել։ Տարիուկես է՝ ես այստեղ աշխատում եմ, նախարարության կողմից մեզ որևէ աջակցություն չի եղել։ Ամեն դեպքում, ժողովուրդն ուզում է, որ ծննդատունը մնա, լավ մասնագետներ գան այստեղ աշխատելու։ Իհարկե, լավ մասնագետների կարիք կա, բայց վարձրատրությունն այնքան քիչ է, կեցության համապատասխան պայմաններ էլ չկան։ Երևանից բարձր կարգի որևէ մասնագետ չի ուզում գալ այստեղ աշխատելու», - նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Մարալիկում լարված իրավիճակ է ստեղծվել: Քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը: