08/01/2020 16:22
Երգը լսելուց հետո հասկացա, որ պետք է լինի դուետի տեսքով. Երգիչ Վահագ Ռաշը նոր երգ է պատրաստել (Տեսանյութ)
Օրեր առաջ երգիչ Վահագ Ռաշը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Ձյուն» երգը։ Երգի բառերը գրել է Վահագի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը, ով հայոց լեզվի և գրկանության ուսուցչուհի է: Երգիչը նշում է՝ բառերը կարդալուց հետո հասկացել է, որ Հասմիկ Արշակյանից լավ ոչ ոք չի կարող նման բառերի հիման վրա երաժշտություն ստեղծել:
«Երաժշտությունը շատ չուշացավ և առաջին անգամ լսելուց հետո միանգամից մտավ հոգուս մեջ: Գործիքավորման նախնական տարբերակ ստանալուց հետո տրամադրեցի Վահան Նահապետյանին, ով շատ պրոֆեսիոնալ ձևով ստացավ գործիքավորման վերջնական տարբերակը: Այն լսելուց հետո հասկացա, որ երգը պետք է լինի դուետի տեսքով, այստեղ ամենաբարդ պահն էր, քանի որ գործիքավորումը կատարվել էր իմ ձայնի հիման վրա, ու շատ դժվար էր գտնել կանացի ձայն, որը կհամապատասխաներ այդ տոնայնությանը, բայց վերջ ի վերջո մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո գտանք Արևիկ Կարապետյանին, ում ձայնը շատ համահունչ ու գեղեցիկ ստացվեց, երգին համապատասխան: Մի քանի օր պարապելուց հետո ձայնագրեցինք երգը և ստացանք այս տարբերակը», - նշում է երգիչը։
Վահագը նաև նոր տարվա շատ պլաններ ունի արդեն կազմած. պլանավորում է թողարկել մի քանի երգ։
«Երգերից մեկի հիման վրա կլինի տեսահոլովակ, բայց թե որի՝ դեռ չեմ որոշել: Ունեմ գեղեցիկ դուետ մայրիկիս հետ, որն արդեն գործիքավորված է: Երգի մասին դեռ չեմ խոսի:Նոր համերգային ակուստիկ ծրագիր ենք մշակում ու ավարտելուց հետո կունենանք շրջագայություն հանրապետությունում, հետագայում՝ հանրապետությունից դուրս: Պլաններ բազմազան են, կուզեի ամեն ինչ հասցնել 2020 թվականին ու կփորձեմ ամեն ինչ անել, որ հանդիսատեսս գոհ մնա: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով խաղաղություն, առողջություն երջանկություն, բարգավաճում, հաջողություններ ու բազում ուրախ առիթներով լի տարի», - եզրափակեց երգիչը:
Ի դեպ,հունվարի 2-ին ծնվել է երգչի երկրորդ զավակը՝ Տիգրանը: Վահագը համոզված է, որ փոքրիկն իրեն տեղծագործելու ու նոր գեղեցիկ գործեր ստեղծելու առիթ կտա։