09/01/2020 16:00
Քաղաքական իշխանության ձեռագիրն ակնհայտ է, և բնական է, որ ամեն ինչ այսպես էլ պետք է լիներ. Արսեն Բաբայան
Ինչպեսև կանխատեսել էի, ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի մասին հայտնի օրենքի ստորագրմանն անմիջապես հետևեց Հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ-ի աշխատակիցների մուտքը ՍԴ։ Միաժամանակ, հետևեց ՍԴ նախագահի սանիկ Նորայր Փանոսյանի մեղադրանքի ավելացումը, և ակնհայտ էր, որ կար քաղաքական որոշում՝ ուժեղացնելու ՍԴ-ի նկատմամբ ճնշումները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով Նորայր Փանոսյանի կրկնակի կալանավորման հանգամանքին։
«Սպասելի էր, որ դատարանը պետք է բավարարեր կալանքի միջնորդությունը։ Այսինքն՝ սա ամբողջովին սպասելի գործընթաց էր։ Չմոռանանք, որ ՍԴ նախագահի սանիկի կալանավորմանը հաջորդեց նաև Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը։ Այսինքն՝ այս ամենը տեղավորվում է քաղաքական ճնշումների համատեքստում, որոնց մասին ամիսներ շարունակ խոսում էինք և որոնց մասնակից եղավ ՀՀ նախագահը։ Քաղաքական իշխանության ձեռագիրն ակնհայտ է, և բնական է, որ ամեն ինչ այսպես էլ պետք է լիներ», - ասաց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն այսօր կալանավորվել է։
Որոշումը հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետևանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։