09/01/2020 15:31
Մանաթը միշտ թերարժևորված է, իսկ դրամը՝ հիմարաբար գերարժևորված. Հրանտ Բագրատյան
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ա.Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է, արդյոք ես հավատում եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP -ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու հարցադրում։ Իմ պատասխանը, բնականաբար, համապետական նշանակություն ունի։ Ուստի այն հրապարակում եմ իբրև առանձին ստատուս։
«Հարգելի Ավետիք։ Իմ հավատալու կամ չհավատալու հարցը չէ։ ՀՆԱ և դրա հետ կապված ցուցանիշների պատասխանատուն ՀԲ-ն է. մասնավորապես, նրա մոտ է տվյալների համաշխարհային բազան։ Ես աշխատել եմ ԱՄՀ-ում։ Վաշինգտոնում ՀԲ-ն էլ դրա կողքին էր։ Դրանց խոհանոցը գիտեմ։ Ավելի խորը պրոբլեմներ կան։ Երբ նայում ես 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշը, ապա 1990-ին ՀՀ-ի թիվը 637 է, Ադրբեջանինը՝ 1237 և Վրաստանը 1614։ Նույնը PPP-ով՝ 2428, 5703 և 5413։
Մինչդեռ հիշում ենք, որ այն տարիներին վրացիներն ու ազերիները Երևանի խանութներում սննդամթերք ու այլ ապրանքներ էին հայթայթում։ Ավելին, նույն տարվա համար կա 1 շնչի Ազգային Եկամտի ցուցանիշը ԽՍՀՄ վիճակագրությամբ՝ 2945ռ, 2130ռ և 2750ռ։ Այսինքն, չէր կարող պատահել, որ ԱԵ-ի ցուցանիշով առաջ լինեինք, իսկ ՀՆԱ ցուցանիշով 2.5 անգամ ետ լինեինք։ 2 տարի նամակագրություն եմ ունեցել ՀԲ հետ։ Ասել են. մեղքը ձեր ԱՎԿ-ն է։ Մեր ԱՎԿ-ն էլ ասել է մեղքը ՀԲ-ինն է։ 2 նամակներն էլ տվել եմ ՍՍ-ին։ ԱՎԿ պետ Ստեփան Մնացականյանը չի պատժվել։ Այնուհետև այդ մասին մամուլով հայտնել եմ Նիկոլ Փաշինյանին։
ՍՄ-ն վերանշանակվել է։ Իսկ ի՞նչու է դա պատահել։ Ստեփան Մնացականյանը դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք քծնելու ու մտնելու տրամաբանությունից ելնելով ՀՆԱ հավելաճի հավելագրումներ է անում։ Բայց երկար ժամանակ այդպես լինել չէր կարող։ Դրա համար նա ետ է գնում և իջեցնում բազան՝ 1990-ի թվերը։ Դրանով իսկ մենք ճշգրտորեն գնահատել ենք, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՆԱ հավելաճը որքանով է ուռճացված։ Խնդիրն այստեղ է։ Ինչ վերաբերում է PPP տարբերությանը, այո, դա հնարավոր է։ Ներկայումս ԱՊՀ-ում Երևանն ամենաթանկն է։ Թբիլիսիի հետ դա այդպես է։ Դե Բաքուն էլ թվերը ինտերնետում կան համեմատում ենք։ Ինքներդ դատեք. Ադր-նը նավթ արդյունահանող երկիր է, բայց գներն այնտեղ ավելի էժան են, քան Հայաստանում և Վրաստանում։ Մարդիկ խելամտորեն ստերիլիզացնում են վալյուտային եկամուտները։ Արդյունքում, մանաթը միշտ թերարժևորված է, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված»», - գրել է նա: