09/01/2020 18:29
Ծնվել է դերասաններ Վահագն Խաչատրյանի ու Լուսին Վարդանյանի որդին. փոքրիկի անունն ընտրել է 6-ամյա քույրիկը
Հունվարի 5-ի կեսօրին՝ ժամը 11:40-ին, լույս աշխարհ եկավ դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երկրորդ զավակը: Aysor.am-ի հետ զրույցում դերասան հայրիկն ընդգծեց՝ մայրիկն ու 3 կգ 900 գրամ քաշով և 53 սմ հասակով փոքրիկն իրենց շատ լավ են զգում, տրամադրությունները բարձր է ու պատրաստվում են այսօր հիվանդանոցից դուրս գրվել: Տունն էլ ձևավորված՝ իր նոր բնակչին է սպասում:
Ի դեպ, թեև ծնողներն արդեն անվան իրենց տարբերակներն ունեին, սակայն եղբոր անունն ընտրել է առաջին դասարանցի քույրիկը:
«Ես շատ էի ուզում, որ անունը Լեո դնեինք, Լուսինեն էլ ընտրել էր Նոյ անունը: Սակայն Ռուզիկն Արայի համար էր «պայքարում», «ընտրակեղծիքների» ու «շանտաժի» արդյունքում հաղթեց: Չգիտեմ՝ ինչո՞ւ հենց Արա. մեր աղջիկն առաջին դասարան է, ենթադրում եմ, որ Այբբենարանի կերպարներից Արան է նրան ոգեշնչել, ու ցանկացել է իր եղբորն այդպես անվանակոչել», - ծիծաղելով պատմեց դերասանը:
Վահագնը չի թաքցնում՝ ինքն այն հայրիկներից է, ով երազում էր որդի ունենալու մասին: Սակայն երբեք այնպես չի անի, որ դուստրը խանդելու առիթ ունենա:
«Այնպես չէ, որ երբ աղջիկս ծնվեց, տխրել էի, բայց չէի ցանկանա, որ երկրորդս էլ աղջիկ լիներ ու ես դառնայի այն պայքարող հայրերից, ովքեր 6-7 երեխա են ունենում՝ տղա ունենալու հույսով, բայց այդպես էլ միայն աղջիկներ են ունենում: Հիմա լավ է՝ երկու սեռի բալիկներ էլ ունենք: Ինչ վերաբերվում է խանդին՝ այդ ուղղությամբ աշխատել ենք. տուն գնալուց հետս միշտ ինչ-որ բան եմ տանում Ռուզիկի համար ու ասում, որ «ապերն է քեզ ուղարկել»: Որքան էլ տանը նորածին է լինելու, ամեն ինչ անում ենք, որ աղջիկս իրեն երկրորդ պլանում չզգա, ընկալի՝ եղբայրն իր մասին մտածում է, հոգ է տանում, մենք՝ նույնպես»,-ժպիտով խոստովանեց նա:
Երեխայի խնամքի հարցում դեասանուհու օգնականները ամուսինը, մայրն ու սկեսուրը կլինեն:
Զրույցի վերջում Վահագն Խաչատրյանը բոլոր փոքրիկներին անհոգ մանկություն, անամպ երկինք ու երջանկություն մաղթեց:
Aysor.am-ն էլ ընտանիքի համալրման կապակցությամբ շնորհավորում է դերասաններին, փոքրիկ Արային էլ մաղթում ենք երջանիկ մանկություն: