10/01/2020 17:31
Ամենամեծ ձեռքբերումն իմ երեք երեխաներն են, իսկ բացթողումը՝ շատ կցանկանայի, որ երեխաներս ավելի շատ լինեին. Հրանտ Թոխատյանը դարձավ 62 տարեկան
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 62-րդ տարեդարձը: Դերասանի համար այս օրը, որպես իր տարեդարձ, արդեն 28 տարի երկրորդ պլան է մղվել, քանի որ ուղիղ 28 տարի առաջ հենց այս օրն է ծնվել նաև կրտսեր որդին՝ Հայկը:
«Ինձ համար էլ ավելի երջանիկ օր է սա: Հայկս դառնում է 28 տարեկան, մեկտեղ՝ այսօր ինքն ու ապագա կինն իրենց համատեղ կյանքի առաջին քայլն են անելու, միությունը կամրագրեն «ԶԱԳՍ»-ում: Իմ տղաներն առավել ավանդապահ են, սկզբում գնում են ԶԱԳՍ, հետո նոր ամուսնանում: Իսկ, թե ե՞րբ կլինի տղայիս և ընտրյալի ամուսնությունը, չեմ կարող ասել, չգիտեմ: Դա իրենց որոշելիքն է: Այնպես որ, օրն առավել մեծ բովանդակություն է ստնում», - ժպիտով նկատեց հոբելյարը:
Որքան էլ օրը հագեցած է մի քանի ուրախ իրադարձություններով, այնուամենայնիվ, Հրանտ Թոխատյանն իր տարեդարձը կնշի ուշ երեկոյան, ինչպես ամեն տարի՝ ինչ-որ գեղեցիկ մի վայրում՝ ընկերների հետ:
Անդրադառնալով 62 տարիների իր գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին՝ սիրված դերասանը խոստովանեց՝ ամենամեծ ձեռքբերումն իր երեք երեխաներն են, իսկ բացթողումը՝ շատ կցանկանար, որ երեխաներն ավելի շատ լինեին:
Հարցին, թե ի՞նչ կմաղթի ինքն իրեն, Ժողովրդական արտիստն ընդգծեց.
«Ուզում եմ՝ խաղաղություն լինի, ու Աստված ինձ տա առողջություն, որպեսզի էլ ավելի շատ աշխատանքներ կարողանամ անել բեմում»:
Aysor.am-ը շնորհավորում է Հրանտ Թոխատյանին՝ մաղթելով անձնական ու ստեղծագործական հաջողություններ: