11/01/2020 09:50
Իրանը խոստովանել է, որ պատահաբար խոցել է ուկրաինական ինքնաթիռը
Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված «Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների» ուղևորատար Boeing ինքնաթիռը պատահաբար խոցվել է Իրանի կողմից՝ «մարդկային սխալի» հետևանքով: Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:
«Այս ինքնաթիռը խոցվել է պատահաբար՝ մարդկային սխալի հետևանքով», - նշվում է հայտարարության մեջ:
Գլխավոր շտաբում ավելացրել են, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռիչք էր կատարում կարևոր ռազմական օբյեկտի մոտակայքում՝ «բարձր զգոնության» պայմաններում, որը կապված էր Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարվածների հնարավոր պատասխանի հետ:
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ «մարդկային սխալն ԱՄՆ արկածախնդրության հետևանքով հրահրած ճգնաժամի ընթացքում» հանգեցրել է վթարի: Նա նաև ցավակցություն և ներողություն է խնդրել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից:
Հիշեցնենք՝ ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։
Նախապես նշվում էր, որ «Boeing 737»-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։