12/01/2020 16:32
Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է լրագրողներին, խնդրելով չզանգել իրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով»:
«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:
Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:
Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:
Պատիվ ունեմ», - Instagram-ում գրել է Վանեցյանը:
Նա նաև դիմել է վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին.
«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:
«Հայկական ժամանակ»-ն այսօր հոդված է հրապարակել, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Իսկ Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Վանեցյանների հետ բավականին կարճ ժամանակում հասցրել էր ընկերանալ և «ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»: