13/01/2020 18:13
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները սկսված են. պրեմիերան կլինի 2020-ի գարնանը. Տիգրան Վիրաբյան (Լուսանկարներ)
Հունվարի 11-ից Գյումրիում մեկնարկել են «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները: Առաջարկը եղել է Երևանի փոխքաղաքապետ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանից: Ներկայացումը էկրանավորվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ինչպես նաև՝ մի շարք կազմակերպությունների հովանավորությամբ: Օգտագործվում է ժամանակակից բարձրակարգ տեխնիկա. ֆիլմի բոլոր կանոններին անհրաժեշտ տեխնիկական միջոցները հնարավորություն կտան, որ այն հույզերը, որոնք շուրջ երկու տարի հանդիսատեսին էին փոխանցվում դահլիճից, առավել խոշոր պլաններով ու կինոլուծումներով նաև էկրանից փոխանցվեն:
Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախ ներկայացման հաղթարշավին՝ մայրաքաղաքի փոխքաղաքապետը նկատեց՝ այս ընթացքում ներկայացումը 30 հազարից ավելի հանդիսատես է ունեցել ու իր վրա ծախսված 6 միլիոն 300 հազար դրամը տասնապատկելով՝ 67 միլիոն եկամուտ է ապահովել թատրոնին:
Սակայն, կարևոր է ոչ միայն ներկայացման ֆինանսական կողմը, այլև՝ բարոյական ու գաղափարական. Ապրիլյան պատերազմին նվիրված ներկայացումը հոտնկայս է ընդունվել ոչ միայն Հայաստանում, Արցախում, Լիբանանում ու ԱՄՆ-ում, այլև՝ զորամասերում:
«Ներկայացումը էկրանավորելու մտահղացման հիմքում դրված էր նաև այն հանգամանքը, որ բոլոր զորամասերում հնարավորություն ունենանք ցուցադրել այն: Գիտեք, մեր ոչ բոլոր զորամասերում բեմական պայմաններ կան, ու ներկայացումն ամենուր չէինք կարողանում տանել: Մոտ օրերս կնախատեսենք հանդիպում-քննարկում, կխնդրենք մեր ՊՆ գործընկերին, որպեսզի հնարավորություն ստեղծեն քննարկել, թե ինչպես կարող ենք այս ֆիլմը ցուցադրել ՀՀ և Արցախի զորամասերում: Արցախում այն խաղացել ենք, երբ հանդիսատեսի շարքերում միայն զինվորներ էին, ու ֆանտաստիկ ընդունելություն եղավ: Հայտնի լուսանկարը, երբ սպան համբուրում է իր զինվորի ճակատը, հենց Արցախի ներկայացումից էր», - մանրամասնեց Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ սա առաջին փորձն է, երբ Հայաստանում ներկայացումը էկրանավորվում է: Հիշում է՝ ներկայացման հեռուստատարբերականեր եղել են (հեռուստաթատրոն), նաև լավագույն ներկայացումները տեսանկարահանում ու վաճառվում էին (Խաթաբալադա, Մեա Կուլպա), սակայն որ ներկայացումը էկրանավորվի կինոթատրոններում ցուցադրելու համար՝ առաջին անգամ է մեզ մոտ կիրառվում:
«Վստահ եմ՝ հետագայում այս փորձը կիրառելի կլինի շատ թատրոնների համար, որպեսզի իրենց ներկայացումները բեմից դուրս ևս կյանք ունենան», - նկատում է նա:
Պիեսի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, բեմական տարբերակի հեղինակը՝ Լյուդվիգ Հարությունյանը, էկրանավորման ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:
Նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Խաչատրյանը:
Ֆիլմի մոնտաժային աշխատանքները կվստահվի «Էսքիզ» ստուդիային:
«Դերասանական կազմում փոփոխություն չկա, նույն կազմն է, որը խաղում էր «Հարսանիք թիկունքում» ներկայացման մեջ: Այս ներկայացումը էկրանավորելու գաղափարի շուրջ Հայաստանի լավագույն մասնագետների մի մասն է հավաքվել, ովքեր փայլուն կիրականացնեն այս ծրագիրը: Վստահ եմ՝ Արման Միտոյանի պրոդյուսերական ղեկավարությամբ ֆիլմը կունենա այն արդյունքը, ինչ արդյունք ունեցել է ներկայացումը», - ընդգծեց էկրանավորման մտահղացման հեղինակը:
Նա շեշտեց՝ ամենաուշը գարնան սկզբին հստակ կլինի, թե երբ տեղի կունենա ֆիլմի պրեմիերան: Սակայն մի բան արդեն իսկ ամրագրված է՝ պրեմիերան լինելու է 2020-ի գարնանը:
Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք՝ արդյոք լինելով փոխքաղաքապետ՝ օրենքը չի արգելում այլ աշխատանքով զբաղվել:
«Օրենքը չի արգելում ստեղծագործական, գիտական, մանկավարժական աշխատանքները համատեղել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ: Ու ես մեծ կարոտով ու սիրով սպասում էի ամանորյա արձակուրդներիս, որպեսզի կարողանամ այս ստեղծագործական աշխատանքը նախաձեռնել և իրականացնել: Իրականում, շատ կցանկանայի ադմինիստրատիվ և պրոդյուսերական հարցերում էլ մասնակցություն ունենալ, սակայն, ցավոք, միայն զուտ ստեղծագործական աշխատանքներում եմ մասնակցություն ունենալու: Սակայն գիտեմ, որ պրոդյուսերական թիմը լավագույնս կիրականացնի աշխատանքը, ու մենք կունենանք նաև լավագույն պրոդյուսերական աշխատանք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տիգրան Վիրաբյանը: