13/01/2020 12:21
2019-ին ՊԵԿ պարգևատրումներն ավելացել են 800 մլն դրամով, սրա վերաբերյալ հանրության քննադատությունները՝ պակասել
Պարգևավճարներ ստացել են բոլորը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես եղավ, որ 2018 թվականին պարգևավճարների թիվը կազմում էր 5 մլրդ դրամ և հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, իսկ 2019 թվականին այդ թիվն ավելի է մեծացել՝ կազմելով 5.8 մլրդ դրամ, սակայն քննարկումները պակասել են։
«Մենք հանրության հետ երկխոսելու և հանրությանը որոշակի մտքեր ասելու անհրաժեշտություն ունեինք։ Հանրության մոտ որոշ դեպքերում բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում. դա լավ ճանապարհ չի և լավ տեղ չի տանում։ Մենք կառավարությունով կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե այդ անձնակազմի և ոչ մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանասկան մրցակցություն պետք է կարողանանք ապահովել», - ասաց Դավիթ Անանյանը։
Ինչ վերաբերում է հարկային մարմնին, Անանյանն ասաց, որ խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցներին, որպեսզի արտահոսք չլինի։
«Իսկ արտահոսք եղել է։ 2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է աշխատանքից, մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում։ Հետ ենք ընդունել շուրջ 600 աշխատակից, բայց նաև կարողացել ենք սերնդափոխություն անել։ Դրա հետ մեկտեղ, ցավոք, ունենք այնպիսի անձիք, ովքեր դիմում են ներկայացրել և գնացել են մասնավոր հատված», - ասաց Դավիթ Անանյանը։
Հետևաբար, ՊԵԿ նախագահի խոսքով, հանրության շրջանում այդպիսի ընդգծված սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարությանը։