13/01/2020 10:45
Էնպես չի, որ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից. Արարատ Միրզոյան
Ես չգիտեմ` ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը, այօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնոլվ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։
«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - ասաց Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ իշխանությունը Սահմանադրական դատարանի դատավորների արտաամուսնական կյանքի մասին տեղեկություններ է հավաքում, ԱԺ նախագահն արձագանքեց,. «Ժողովուրդ ջան, եկել եք անհեթեթությունների մասին հարց եք տալիս: Ես այդքան ժամանակ չունեմ որևէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»։
Արարատ Միրզոյանն ասաց, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է։
«Իհարկե, հանգուցալուծում չի ստացել», - ասաց նա։
Հարցին՝ Սուրբծննդյան պատարագին հանդիպել են, ինչ-որ ձև Հրայր Թովմասյանը բարձրաձայնե՞լ է իր մտահոգությունների մասին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք, այդքանը»։
«Էնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին միայն մտածելով ու մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից», - ասաց նա։