13/01/2020 17:32
Թորոսյանը բժիշկների շնորհիվ դարձավ նախարար, հիմա ծննդատները փակում ա. Բողոքի ակցիայի մասնակից
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ծննդատունը լուծարվում է, Եղվարդի և հարակից գյուղերի բնակիչներն ու ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
Բնակիչների խոսքով՝ ծննդատան փակման դեպքում իրենք մեծ խնդիրներ են ունենալու, քանի որ և՛ աշխատակիցներն են աշխատանքից զրկվելու, և՛ հղիներն են կանգնելու փաստի առաջ։
«Մարդիկ կոպեկներով աշխատել են, հիվանդանոցը պահել են։ Ոնց որ դիտավորյալ էդ տեսակ որոշումներ կայացնեն։ Քանի կար ասեցին պայմանները լավը չի, ժողովուրդը քիչ-քիչ պակասեցին։ Էդ էլ իրանց ձեռքն ա, թող պայմանները լավացնեն, ծննդատունը փակելու փոխարեն։ Երևի մտքներին կա մեկի քրոջ տղայի վրա ծախեն, մի օբյեկտ սարքեն, փակեն գնա էս հիվանդանոցը։ Թույլ չենք տալու։ Հենց էդ քույրերի, բժիշկների խալաթով ա ինքը դարձել առողջապահության նախարար։ Ասում էին՝ Եղվարդի հիվանդանոցը դուրս է եկել, փակել է ճանապարհը, բա ո՞նց եղավ, եկավ դարձավ նախարար, հիմա փակում ա։ Ինքը ինձնով ու ստեղ կանգնած տղերքի, բժիշկների շնորհիվ ա դարձել նախարար», - ասաց բնակիչներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ կհավաքվեն բոլորով, անհրաժեշտության դեպքում կգնան նաև կառավարության դիմաց, իսկ մինչ այդ՝ պահանջում են հանդիպում քաղաքապետի և Կոտայքի մարզպետի հետ։
Այսօր ակցիան դադարեցվեց։ Որոշվեց այն շարունակել վաղը՝ ժամը 10-ին։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։