13/01/2020 13:47
ՍԴ դատավորները գտնում են, որ վաղ կենսաթոշակի օրենքը հարիր չէ իրենց անձնական որակներին, ձգտումներին. Արա Ղազարյան
«Մարդու անձնական կյանքի իրավունքը ներառում է նաև մարդու կարիերա անելու հնարավորության հանդեպ հարգանք, Սահմանադրական դատարանի դատավորները կարիերա են արել, ամբողջ կյանքում դատավոր դառնալու երազանք ու ձգտում են ունեցել, հիմա առաջարկում են գումարը վերցնեն ուղղակի հեռանան: Մենք գործ ունենք մարդու անձնական ձգտումների հետ, մարդիկ կենսագրություն, անցած ճանապարհ ունեն, ամեն ինչ գումարով չի որոշվում: ՍԴ դատավորները գտնում են, որ այս օրենքը հարիր չէ իրենց անձնական որակներին, ձգտումներին», - Аysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին բարձր կենսաթոշակի դիմաց հրաժարական առաջարկող հնարավորությունից մինչ օրս որևէ դատավորի չօգտվելու փաստին:
«Այս օրենքը տարակուսանք է առաջացնում նախ այն պատճառով, որ տարբերակված կարգավորում է առաջարկում: Այսինքն, այսպես կոչված, սոցիալական փաթեթը վերաբերում է ՍԴ դատավորների միայն մի մասին, մյուս մասին չի վերաբերում: Եվ այստեղ հարց է առաջանում, թե այդ օրենքի նպատակն ընդհանրապես ո՞րն է: Այս օրենքը ունի նպատակ, որը անհամապատասխան է դատական իշխանության անկախության հետ», - ընդգծեց փաստաբանը:
Аysor.am-ի հարցին՝ արդյոք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսված քաղաքական գործընթացները կարելի է դիտարկել որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա, Արա Ղազարյանը պատասխանեց.
«Հրայր Թովմասյանի վերաբերյալ այս ընթացքում այնքան քաղաքական անհանդուրժողականության խոսք է հնչել, որ նրա հետ կապված ցանկացած գործընթաց միևնույն է թողնում է հետք, որ դրա տակ թաքնված է նրա անձի նկատմամբ քաղաքական խտրականություն: Մի կողմից ՍԴ նախագահին վարկաբեկում են, մյուս կողմից իրավական գործընթաց են սկսում: Պարզ է, որ այդ իրավական գործընթացի օբյեկտիվությունը կասկածի տակ է»:
Արա Ղազարյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ գոյություն չունի և երբեք չի եղել:
«Սահմանադրական դատարանն այնքան արդյունավետ որոշումներ է կայացրել, այնքան համակարգային խնդիրներ է լուծել՝ մանավանդ անցած մեկ ու կես տարում, որ անլուրջ է խոսել ճգնաժամի մասին: Եվ այդ որոշումները ինձ, որպես փաստաբանի, բազմաթիվ հարցերում օգնել են: Ես ՍԴ դատարանի որոշմամբ մտել եմ դատարան և կարողացել եմ հասնել կալանավորի ազատ արձակման, ես ոնց կարող եմ ասել, թե ճգնաժամ կա», - ասաց նա: