13/01/2020 13:06
Վարդան Ոսկանյան. Սոլեյմանիի նահատակությամբ ամրապնդվեցին Իրանի դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում (Տեսանյութ)
«Մյուս կարևոր ձեռքբերումը մերձավորարևելյան տարածաշրջանում, որքան էլ, որ պարադոքսալ հնչի, Իրանի դիրքերն ավելի ամրապնդվեցին, որովհետև առաջինը` Իրանի նկատմամբ համակրանքով տրամադրված ուժերը կրկին արձանագրեցին համախմբում»,- այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչ Ղասեմ Սոլեյմանիի սպանության փաստին, ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրանի համար ամենամեծ կորուստը բնականաբար նման առասպելական զորահրամանատարի նահատակությունն էր, իսկ ձեռքբերումը, կարծում եմ, համաիրանական համախմբումը` ներհասարակական, ներքաղաքական համախմբումը: Իրանում այդ համախմբումը նկատելի էր ամենուր նաև սգո արարողություններին մասնակցության մեջ: Մյուս կարևոր ձեռքբերումը մերձավորարևելյան տարածաշրջանում, որքան էլ, որ պարադոքսալ հնչի, Իրանի դիրքերն ավելի ամրապնդվեցին, որովհետև առաջինը` Իրանի նկատմամբ համակրանքով տրամադրված ուժերը կրկին արձանագրեցին համախմբում ի դեմս Իրանի` շատ դեպքերում արբանյակների և նաև հարևան պետությունների բնակչության. Իրաքում էլ մենք տեսանք սգո արարողությունների մասնակցություն: Ստեղծվեց իրականում նաև նահատակության հիման վրա, նահատակության բովով անցած իրանա-իրաքյան լրջագույն դաշինք, որովհետև զոհվել էր նաև իրաքյան ժողովրդական աշխարհազորի առաջնորդը` իրականության մեջ գրեթե նույն Ղասեմ Սոլեյմանին Իրաքի շիաների համար»,- ասել է Վարդան Ոսկանյանը:
Վերջինիս խոսքով՝ իրանցիները նաև մերձավորարևելյան թշնամական և հակառակորդ պետությունների աչքում ստացան բացառիկ կամ գրեթե բացառիկ պետության կարգավիճակ, որը հնարավորություն ունի խոցել ոչ միայն աշխարհի համար մեկ գերտերության անօդաչու թռչող սարքը, այլ հրթիռային հարված հասցնելու այդ գերտերության ռազմակայանին: Ըստ Ոսկանյանի՝ արևելքում ուժը բավական գնահատելի է, և ուժի ցուցադրությունը, ատամների ցուցադրությունը շատ դեպքերում բերում է նաև կերպարային, իմիջային դիվիդենտներ, ինչն այս պահին տեսանելի է Իրանի պարագայում: Փորձագետի խոսքով՝ սա նաև քարոզչական տիրույթում աշխատեց ի օգուտ Իրանի, քանի որ ամերիկյան զգայուն հասարակության համար տեսանելի եղավ, որ ի տարբերություն գոյություն ունեցող թեզի, Իրանն այնքան էլ դիվային կերպար չունի։
Մանրամասները՝ տեսանյութում: