13/01/2020 17:17
Ֆիլիպիններում Թաալ հրաբխի ժայթքման պատճառով աղետի ռեժիմ է հայտարարվել
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում երկուշաբթի աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո, հայտնել է «Rappler» պորտալը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Թաալ հրաբուխը կիրակի մոխրասյուն էր արձակել, որի բարձրությունը հասնում էր 1 կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) այդ կապակցությամբ վտանգի երրորդ մակարդակ է հայտարարել ըստ 5-բալանոց սանդղակի:
Հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները Բատանգասի նահանգի երեք բնակավայրի տարհանում են սկսել, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 80 հազար մարդ:
Ավելի ուշ «Phivolcs»-ը վտանգի մակարդակը բարձրացրել է մինչև նախավերջին չորրորդ նշագիծ և հանձնարարել է իրականացնել հրաբխի հարակից տարածքների ամբողջական տարհանում:
Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել է ինքնաթիռներին՝ խուսափել հրաբխի մոտակա օդային տարածությունից: