14/01/2020 11:00
Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի:
«Սրանով մենք փորձում ենք ապացուցել, որ Գևորգ Լոռեցյանը, նախքան ձերբակալումը, դիմել էր, որ ազատվի իր պաշտոնից, ու ես կարծում եմ, որ դա էական է այս քրեական գործի համար», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Պաշտպանն ասաց, թե այլ մանրամասներ այս պահին չի կարող ներկայացնել, միայն հստակեցրեց, որ միջնորդությունը նախքան տոներն են ներկայացրել, սակայն մինչ այս պահը դեռ պատասխան չեն ստացել։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։
Լոռեցյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։
Նրա հետ ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Դեկտեմբերի 7-ին Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվեցին. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել։
Գևորգ Լոռեցյանը պաշտոնապես աշխատանքից ազատվեց դեկտեմբերի 26-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։