14/01/2020 12:08
Հուշարձաններին պետք է ավելի մտածված վերաբերվել. Ճարտարապետը՝ Հանրապետության հրապարակի ստորին շերտը բացելու մասին
Հուշարձաններին պետք է ավելի զգույշ և մտածված վերաբերվել, Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը։
«Հանրապետության Հրապարակի ստորին շերտը լրջորեն ուսումնասիրված չէ, բացի այդ՝ նշված տարածքի հետ բազմաթիվ խնդիրներ կան՝ ավտոկայանատեղիներ, տրանսպորտային հանգույց և այլն։ Ինչո՞ւ Հրապարակի ստորին շերտը բացենք, ապակիներ տեղադրելով՝ ցուցադրենք։ Մինչ այդ պետք է խոր ուսումնասիրություն կատարել։ Չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել», - ասաց բանախոսը։
Հրաչ Պողոսյանը շեշտեց՝ ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները Երևանում չեն պահպանվում, շենքերի տանիքներին մանսարդներ են կառուցվում՝ խեղաթյուրելով մայրաքաղաքի տեսքը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման՝ այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: