14/01/2020 10:55
Եղվարդի ծննդատան տնօրենը հանդիպում է Կոտայքի մարզպետին
Մի խումբ եղվարդցիներ այսօր շարունակում են Եղվարդի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան։ Նրանց խոսքով, սա սխալ որոշում է, որից տուժելու են ոչ միայն Եղվարդի, այլև՝ շրջակա մի քանի գյուղի բնակիչներ։
«Իմ հարսը երկու ամիս առաջ ա ստեղ ծննդաբերել։ Ասում ա՝ պապ, ինչ հիվանդ էլ լինի, մենակ բժիշկների հոգատար վերաբերմունքից էս հիվանդանոցում կլավանա։ Տղուս ասում եմ՝ երեխա ունեցար, մաղարիչ արեցի՞ր, ասումա՝ պապ, ոչ մեկ ոչ մի կոպեկ չվերցրեց։ Սրա՞ համար են Եղվարդի ծննդատունը փակում», - հարց ուղղեց ցուցարար տղամարդկանցից մեկը՝ շեշտելով, որ ծննդատանը ոչ մեկի չի ճանաչում, ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունի։
Մեկ այլ տղամարդ էլ հիշեցրեց, որ անգամ Եղվարդի դիահերձարանն է փակվել։ «Կերաք ժողովրդին, կերաք։ Փաշինյանը չի՞ տեսնում, որ իր կողքը դավաճաններ են», - ասաց նա։
Նշենք, որ այս պահին ծննդատան տնօրենը հանդիպում է Կոտայքի մարզպետի հետ։