14/01/2020 14:56
Ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց կրկին բողոքի ցույց են անում
Ավտոներկրողներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նրանք պահանջում են թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան՝ այստեղ վերասարքավորելու նպատակով։
Ցուցարարների խոսքով՝ ՊԵԿ բարձր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառույցի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի գործողությունները ժողովրդի շրջանում սոցիալական դժգոհության են առաջացնում։
«Մարդիկ պրոֆեսիոնալ չեն։ Որ ասում են դեղնակտուց, դա է։ Իրականում փորձ չունեն», - ասաց ցուցարարներից մեկը։
Մեկ այլ ցուցարար նշեց, որ դեկտեմբերի 26-ին ավտոմքենա հայտարարագրել է 20 հազար դրամով, իսկ ահա արդեն ամսի 30-ին՝ մեկ այլ մեքենա 160 հազար դրամով։
«Հիմա արդեն պետք է տանեմ, հայտարարգրման համար 12 հազար եվրո՞ տամ։ Գյումրիում մի «բրոկեր» է աշխատել։ Ո՞վ է տեսել, որ փողը գրպանում՝ մարդը «բրոկերին» խնդրի գործ անի, բայց հերթի պատճառով չանի։ Ոնց որ փողով մտնես խանութ, ասես՝ սիգարետ տվեք, վաճառողը հերթի պատճառով չտա», - օրինակ բերեց ցուցարարը։