14/01/2020 15:09
Ինչո՞ւ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի ներկայացել դատարան
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պարզաբանել է՝ ինչո՞ւ չի ներկայացել այսօրվա դատական նիստին։
«Հարգելի լրագրողներ, հրապարակում եմ այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս։
Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալու պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի, թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։
Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ», -Facebook-ում գրել է Միհրան Պողոսյանը՝ հրապարակելով դիմումի լուսանկարը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը, ժամը 13։00։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։