14/01/2020 18:50
Իրանում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ
«Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից հետո Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ, նրանցից մի քանիսն արդեն ազատ են արձակվել, հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամխոսեյն Էսմայիլին:
«Վերջին իրադարձությունների ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ, բայց ես տեղեկություններ չունեմ ձերբակալվածների ստույգ թվի վերաբերյալ: Նախնական տվյալով՝ մոտ 30 մարդու մասին է խոսքը», - հայտարարել է Էսմայիլին:
Իրանական դատական համակարգի ներկայացուցիչն ասել է, որ դատավարությունից հետո կալանավորված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել: Բացի այդ, նա ավելացրել է, որ բացի Բրիտանիայի դեսպանից, բողոքներին մասնակցող օտարերկրյա քաղաքացիներ չեն նկատվել:
Շաբաթ օրը հարյուրավոր ուսանողներ հավաքվել էին Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի շենքի դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածներին: