14/01/2020 18:13
Էրդողան. Անկարան հակահարված կտա Դամասկոսին, եթե այն փորձի խախտել Իդլիբում զինադադարը
Թուրքիան պատրաստ է միակողմանիորեն դիմադրություն ցույց տալ սիրիական կառավարական ուժերին, եթե նրանք փորձեն խախտել հրադադարը Իդլիբ նահանգում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում:
«Բոլորի վրա պարտասխանատվություն է դրված՝ ապահովել, որ քաղաքական գործընթացին դիմադրող ռեժիմը (սիրիական իշխանությունները) հրաժարվի արյունահեղությանն ուղղված գործողություններից: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք վճռականորեն արձագանքել Իդլիբում հրադադարի ռեժիմը խախտելու փորձերին», - ասել է Թուրքիայի նախագահը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Անկարան և Մոսկվան «վերջին օրերին շատ ինտենսիվ բանակցություններ են վարում, որի արդյունքում պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին»:
«Քանի որ Սիրիայում չկա օրինական կառավարություն, որը կներկայացնի ամբողջ ժողովրդի շահերը, մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք այդ աշխատանքը (երկրում առկա հակամարտությունը լուծելու համար): Հուսով եմ, որ ներկայիս զինադադարը կդառնա մշտական», - նշել է նա:
Էրդողանն ավելացրել է, որ «սիրիական ռեժիմի կողմից հարձակումների պատճառով Իդլիբ նահանգի 400 հազար բնակիչ շարժվում է դեպի Թուրքիա»:
«Ես հարցնում եմ միջազգային հանրությանը, թե երբ այն կկանգնի ճնշվածների կողմը: Ե՞րբ է ՄԱԿ-ը գործելու բարեխղճորեն: Չնայած մեր խոսքերին՝ ոչինչ չի արվում», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը: