14/01/2020 15:18
«Գազպրոմ Արմենիա»-ի ուսումնա-սպորտային համալիրի մարզիչ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 21-27-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը: Ներկայում միջազգային կարգի սպորտի վարպետը այդ հեղինակավոր մրցաշարին է պատրաստվում Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում, որը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Սլավիկ Հայրապետյանը Հայաստանի ձևավոր չմշկասահքի 6-ակի չեմպիոն է, Զարգացող երկրների աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մասնակից, գեղասահքի մեծահասակների միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնող միակ տղամարդ գեղասահորդն է։
«Ես իմ աշխատանքային կարիերան սկսել եմ հենց «Գազպրոմ Արմենիա»-ի կրթահամալիրից, ինչն ինձ համար ավելին է քան աշխատանքային գործունեությունը, քանի որ այստեղ ես և՛ մարզիչ եմ, և՛ ինքս եմ մարզվում իմ անհատական մարզչի, հորս՝ Սամվել Հայրապետյանի հետ, ով համալիրի սահադաշտի ղեկավարն է։ Մինչ այս ես ունեցել եմ անհատական մարզումներ, վարպետության դասեր, հավաքներ Եվրոպայում և Ռուսաստանում, իսկ Հայաստանում նոր եմ ծավալում գործունեությունս, ինչն ինձ համար ավելի պարտավորեցնող է», - պատմում է Սլավիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով, առաջիկայում լինելու են նաև բազմաթիվ այլ մրցաշարեր, բայց ամենախոշոր մրցաշարն Աշխարհի առաջնությունն է: «Այդ մրցաշարը մշտապես համընկնում է իմ ծննդյան օրվա հետ: Այս անգամ նպատակ եմ դրել ինքս ինձ նվեր անեմ՝ լավագույնս ներկայանալով և օլիմպիական ուղեգիր ձեռք բերելով», - նշում է նա։
Ուսումնա-սպորտային համալիրի մարզիչը՝ խոսելով իր առաջիկա ծրագրերից առանձնացնում է երկուսը, որոնցից մեկը 2022թ-ի ձմեռային օլիմպիադայի ուղեգիր ձեռք բերելն է, մյուսը՝ համալիրի սաներից առնվազն երկուսին՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ, Աշխարհի գավաթի առաջնություններին հասցնելն է, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ի կրթահամալիրն իրականում ունի բոլոր նախադրյալները և նյութատեխնիկական և կադրային։
«Վստահեցնում եմ, «Գազպրոմ Արմենիա»-ի կրթահամալիրում իմ աշխատանքի արդյունքը մեր սաների Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում բարձր արդյունքներ ապահովելը պետք է լինի», - նշում է նա:
Իսկ մինչ այդ՝ այս տարվա մայիսին տեղի է ունենալու ձևավոր չմշկասահքի Հայաստանի առաջնությունը, որին սկսել են պատրաստվել կրթահամալիրի սահադաշտի բոլոր մարզիչներն ու մարզիկները։ Բոլորի նպատակը մեկն է՝ մեկտեղել ուժերը և լավագույնս պատրաստել համալիրի սաներին գեղասահքի Հայաստանի առաջնությանը։