15/01/2020 12:08
Աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով. առաջարկ իշխանական պատգամավորներից
Իշխանական պատգամավորներն առաջարկում են ներդնել եկամտային հարկի հաշվին ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու մեխանիզմ, որը թույլ կտա աշխատող ուսանողին ուսման վարձին համարժեք եկամտահարկ ստանալ:
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, իրենց եկամտահարկը կվերադարձվի ուսման վարձի չափով», - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն՝ ներկայացնելով իր ու խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Գաբրիելյան նկատեց, որ նախագիծը կընդգրկի մագիստրատուրայում և արդինատուրայում սովորող ուսանողներին, իսկ բակալավրի ուսանողներին նախագծում ընդգրկել հնարավոր չէ, քանի դեռ չի ընդունվել Կրթության մասին օրենքը:
Բյուջեի վրա կանխատեսելի ռիսկեր ունենալու համար սկզբնական փուլում պատգամավորներն առաջարկում են, որպեսզի եկամտահարկը վերադարձվի այն մասնագիտությունների համար, որոնց ցանկը, ելնելով աշխատաշուկայի պահանջարկից, կմշակեն կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ն: Մասնավորապես, նախատեսվում է, որ նման մասնագիտությունների ցանկում կլինեն ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունը և ճարտարապետությունը: