15/01/2020 13:02
Բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտահարկի վերադարձը պետք է հանել. Հովիկ Աղազարյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում շարունակվում են քննարկումները ուսման վարձը եկամտային հարկի տեսքով աշխատող ուսանողին վերադարձնելու առաջարկի նախագծի շուրջ:
Կառավարությունն իմքայլական պատգամավորների առաջարկը խնդրահարույց է համարում, պատգամավորներն էլ որոշ ռիսկեր են տեսնում սրանում:
Քննարկման առիթ դարձավ նաև հարցը, որ քաղաքացին իրավունք կունենա ընտրել կրթության, թե հետագայում բնակարան ձեռք բերելու համար օգտագործել եկամտային հարկի վերադարձի իրավունքը:
«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն եկամտահարկը վերադարձնելու մնացած նախագծերին, որոնց ինքը դեմ է արտահայտվել՝ կրթության դեպքում կողմ է նախագծի ընդունմանը:
Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց, որ, իր կարծիքով, բնակարանների դեպքում եկամտային հարկն առհասարակ պետք է հանվի:
«Ես որպես քաղաքացի և որպես պատգամավոր՝ գտնում եմ, որ եկամտահարկի վերադարձը բնակարանային շինարարության հետ կապված մի օր շուտ պետք է հանել, որովհետև մարդիկ կան, որ ունենք բազմաթիվ բնակարաններ ու փոխանակ իրենց աշխատած գումարները դնեն բիզնես սկսեն կամ եթե բիզնեսի հավես չունեն, դնեն այդ գումարները բանկ, գնում շենքեր են սարքում», - ասաց Աղազարյանը: