15/01/2020 18:25
Դատապարտյալների հիվանդանոցում 3 դատապարտյալ հացադուլ է հայտարարել. նրանք հորդորում են իրավապահ մարմիններին ու ՄԻՊ-ին անդրադառնալ իրենց խնդրին
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից Aysor.am-ի խմբագրություն է դիմել երեք դատապարտյալ։ Նրանք նշում են, որ արդեն երկրորդ օրն է, ինչ հացադուլ են հայտարարել.
«Այս պահին Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ հայտարարած երեք անձ կա։ Նրանց անուններն են՝ Գեղամ Վարուժանի Մելքոնյան, Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյան և Վանիկ Ժորայի Գալստյան», - հայտնել են մեր խմբագրություն դիմած դատապարտյալները։
Նրանք նշում են, որ ունեն ծանր հիվանդություններ ու հորդորում են լրատվամիջոցներին, պատկան իրավապահ մարմիններին, ՄԻՊ գրասենյակին անդրադառնալ իրենց հարցին։
Հացադուլ հայտարարած դատապարտյալներից Գեղամ Մելքոնյանի եղբայրը՝ Արա Մելքոնյանն, Aysor.am-ին հայտնեց, որ իր եղբայրը հրաժարվել է նաև ջրից ու իրեն անհրաժեշտ դեղորայքից.
«Եղբայրս տառապում է էպիլեպսիայով և դատապարտվել է 5 տարի 4 ամիս ժամկետով։ Դրանից 9-ը ամիսը նա անցկացրել է Դատապարտյալների հիվանդանոցում։ Նրանք պահանջում են Գլխավոր դատախազի, Արդարադատության նախարարի արձագանքը», - ասաց նա։
Հացադուլի պահանջների ու այլ մանրամասների մասին Aysor.am-ը կներկայացնի առաջիկայում։