15/01/2020 14:25
ԵՊՀ ուսխորհրդի նախագահը պահանջում է՝ իրեն բերման ենթարկելու գործը պետք է քննվի ՀՔԾ-ում և չավարտվի ներքին ծառայողական քննությամբ
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իրեն ոստիկանություն բերման ենթարկելու դեպքի հետ կապված օրեր առաջ հրավիրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
«Հրավիրվեցի իրենց մոտ, որպեսզի ներքին ծառայողական քննության ընթացքի հետ կապված բացատրություններ ներկայացնեմ, քանի որ գործի շրջանակներում իմ բողոքին զուգահեռ ոստիկանությունը ներքին ծառայողական քննություն սկսեց ու հենց իրենց սկսած ներքին ծառայողական քննության շրջանակներում հրավիրվեցի իրավիճակը պարզաբանելու և բացատրություններ տալու», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Ափոյանը։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահը պահանջել է, որ գործը քննվի Հատուկ քննչական ծառայության կողմից և խնդիրը չամփոփվի ներքին ծառայողական քննությամբ կամ ինչ-որ կարգապահական պատժով։
«Նպատակս է, որ խնդիրը մանրամասն քննարկվի, որպեսզի ես հասկանամ, թե ով է այս ամենի հետևում իրականում կանգնած։
Այս ամենն ինձ համար կարևոր է նաև, քանի որ ինձ բերման ենթարկելու դեպքում երկու անօրինական քայլ կա, նախ՝ ինձ բերման ենթարկելու օրինականությունը, մյուսը՝ հատուկ միջոցների՝ ձեռնաշղթաների կիրառումը։ Այդ ամենը տարել է նրան, որ իմ պատվին ու արժանապատվությանն են նրանք փորձել վնասել, երկրորդը՝ ԵՊՀ-ին։ Համալսարանում նման գործելաոճը պետք է դատապարտվի։ Կարևոր է նաև, որ ոստիկանությունում թերի գիտելիքներ ունեցողների պատճառով ցեխ չշպրտվի արհեստավարժ ոստիկանների վրա»,- նշեց Դավիթ Ափոյանը։
Նշենք նաև, որ Դավիթ Ափոյանը դիմում է ներկայացրել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որպեսզի ներքին ծառայողական քննությունը դադարեցնեն.
«Քանի որ վճռաբեկ դատարանի որոշում կա, որ անձը նույն արարքի համար կրկնակի պատժի չի կարող արժանանալ, խնդրեցի, որ ներքին անվտանգության վարչությունում կասեցնեն իրենց քննությունը, քանի որ ես պահանջում եմ՝ հարցը պետք է քննվի Հատուկ քննչական ծառայությունում։ Հիմա ես պատասխանի եմ սպասում»։
Եթե չբավարարեն Դավիթ Ափոյանի պահանջը, նա պատրաստ է այդ պահանջով դիմել դատարան, քանի որ համոզված է՝ դրա համար ունի հիմնավոր պատճառներ։
Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել դեկտեմբերի 24-ին՝ ԵՊՀ-ից։ Ոստիկանությունում նա հարցաքննվել էր դեկտեմբերի 20-ին համալսարանի տարածքում հնչած կրակոցների գործով:
Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից ձեռնաշղթաներով ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու փաստին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ասելով.
«Պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ»: