15/01/2020 16:40
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության հարցով արտահերթ նիստ է հրավիրվել
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ է հրավիրվել։
«Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը», - Aysor.am-ին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։
«Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա», - ասել էր փաստաբանը։
Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: