15/01/2020 20:32
Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումն, ըստ որի՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը կփոխվի։ Նա ազատ կարձակվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով արտահերթ դատական նիստ հրավիրելու որոշում էր կայացվել՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հետ կապված։
Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբանն ասել էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։
Նա, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: