15/01/2020 18:32
Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը. Մանվել Գրիգորյանի պաշտպան
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը չի կարծում, որ այսօր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցով դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում որոշում կկայացվի փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:
«Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը: Ինձ թվում է սա պատրանք է ու նման բան ես չգիտեմ, չեմ սպասում, որ դատախազությունը խափանման միջոցը փոխելու միտում կամ ցանկություն ունենա», - ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացվեց, Մկրտչյանն ասաց.
«Հետագայում որոշակի նախատինքներից ապահովագրվելու համար, որոնք, ցավոք սրտի, կարող են լինել»:
Հիշենենք, որ այսօր ժ.18:30-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ դատական նիստ է հրավիրվել: