15/01/2020 11:26
Վերջին շրջանում ֆեյքերի բացահայտումների գործընթացն արագանում է. Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է։ Բայց, կարծում եմ, դա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր կարծիք է, որովհետև իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում բաց լինեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Բանախոսի պնդմամբ՝ ընդդիմադիր հայացքներ ունցող ակտիվիստը հաճախ կարող է ասելիք ունենալ՝ միաժամանակ չցանկանալով բացահայտել իր անձը, և այդ դեպքում ֆեյքերին միանշանակ դատապարտելը ճիշտ չէ։
«Մյուսն այն է, որ մենք փորձում ենք իրավական ու բարոյախրատական գնահատականները խառնել։ Վերջին աղմկահարույց ֆեյքի՝ Դիաննա Հարությունյանի դեպքում փաստացի մեղադրանքներ հնչեցին հոդվածներով, որոնք կային Ստալինի ժամանակ, օրինակ՝ ազգի դավաճան և այլն։ Իրականում մենք պետք է փորձենք սխալների ուղղում անել, ոչ թե վհուկների որսով զբաղվել», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Տեղեկատվության անվտանգության փորձագետը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում ֆեյքերի բացահայտումների գործընթացն արագանում է։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման էր ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։