16/01/2020 18:16
Փաշինյանն ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ. Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը հայտարարություն է տարածել։
«1. Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում փաստացի ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ: Արձանագրենք, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում են` կարծելով, թե կարողանալու են ատելության խոսքով կամ վարչապետին հատուկ անհասցե ու անհիմն մեղադրանքներով և անհեթեթ սպառնալիքներով լռեցնել ազատ խոսքը: Այդ ժամանակներն անցել են, և որևէ ոտնձգություն անպատասխան ու անպատիժ չի մնալու:
2. Հայաստանի ֆեյքերի ֆաբրիկաների գլխավոր-գերագույն հրամանատարը հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է: Պետք է ճանաչեք այս մարդուն և իմանաք, որ ձեր դեմ համացանցում կազմակերպվող կեղտոտ ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է հենց նա: Նա անձնական պատասխանատվություն է կրում համացանցը կեղծ տեղեկություն տարածող վիդեո ալիքների և ֆեյքային գրոհների համար: Այս մասով շատ շուտով հետաքրքրիր բացահայտումներ են լինելու: Խոստանում եմ նաև, որ Հովհաննես Մովսիսյանը անձամբ պատասխան է տալու բյուջեից հատկացված միլիարդները փոշիացնելու ու ժողովրդի փողով մարդկանց հայհոյող ֆեյքաբուծարան ստեղծելու համար: Ճանաչեք Հովհաննեսին, նա մեզ բոլորիս շատ հարցերի պատասխաններ ունի տալու:
3. Այսօր նաև հայտնի դարձավ, որ տեր և տիկին Փաշինյանների իշխանությունը սկսել է հայկական եթերից ռուսական ալիքները հեռացնելու օրենքի մշակումը: Հստակ տեղեկություններ կան, որ ռուսական ալիքների ցուցադրումը դադարեցնելու օրենքի հետևում կանգնած են սորոսկանները, որոնք էլ նման պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին: Եվ, քանի որ նրանք հանդիսանում են հեղափոխության բաժնետերեր, Նիկոլ Փաշինյանը լուռ կատարում է սորոսականների այս մի պահանջը ևս», - ասված է հայտարարության մեջ։