16/01/2020 15:12
ԿԳՄՍ նախարարությունը 2019-ին պարգևատրումների համար հատկացրել է ավելի քան 450 մլն դրամ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2019 թ. որքան գումար են հատկացրել պարգևատրումներին։
«ԿԳՄՍ նախարարության ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 754 միլիոն 225 հազար 600 դրամ, որից նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով տարեկան գումարը կազմում է 284 միլիոն 902 հազար 764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 95 միլիոն 819 հազար 155 դրամ, իսկ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի տնտեսված միջոցներից՝ 75 միլիոն 487 հազար 174 դրամ (ընդհանուր՝ 456 մլն 209 հազար 93 դրամ. խմբ.)», - ասված է նախարարության պատասխանում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ պարգևատրումներն իրականացվել են «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի միջոցներով՝ հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, որում հաշվի են առնվել յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքների ծանրաբեռնվածությունը, աշխատանքի որակը և պատասխանատվության չափը։