16/01/2020 13:18
30 տոկոսանոց մարդ եմ հիմա, հրաժարվել ենք դեղորայքից ու մահվան ենք գնում. ահազանգ Դատապարտյալների հիվանդանոցից
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած երկու կալանավորված անձ և մեկ դատապարտյալ հրաժարվել են բուժօգնությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դատապարտյալ Գեղամ Մելքոնյանը:
«Ես լիովին մեղքս ընդունել եմ՝ 177-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին մասով եմ այստեղ (գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ խմբ.): Դատապարտվել եմ 5 տարի 4 ամսով: Դատախազը պահանջեց 5 տարի 4 ամիս՝ հաշվի չառնելով ոչ մի բժշկական թուղթ, որ ես 17 տարվա հիվանդ եմ, ունեմ քրոնիկ հիվանդություններ, մոտս հետտրավմատիկ վիճակ է: Երկու օր է հայտարարել եմ հացադուլ և ջրադուլ: Իմ բողոքն այն է, որ պատժաչափը շատ է, կարող էր ավելի քիչ լինել, մանավանդ, որ տուժող կողմը բողոք չունի, պահանջ չունի: Դատախազն ասում ա՝ «դու հիվանդ չես, եթե կարողանում ես հանցանք կատարել»», - պատմեց դատապարտյալը:
Մելքոնյանը նշեց, որ 9 ամսվա ընթացքում 16 անգամ տեղափոխվել է Էրեբունի և Սբ.Գիրգոր Լուսավորիչ ԲԿ-ներ, մեկ անգամ էլ սրտի կանգով տեղափոխվել է սրտաբանական ինստիտուտ:
Նրա մոտ ախտորոշվել է միգրեն, էպիլեպսիա, վարիկոզ: «Անոթներս լայնացած են, տրոմբային վիճակ է, ճնշումս էլ օրեկան մինչև 200-230 է բարձրանում: Ես չեմ ասում՝ ինձ թող ազատ արձակեն, թող պատժաչափը իջեցնեն, գոնե մեկ տարի պիտի իջեցնեն, որովհետև հիվանդությունները շատ են ու ծայրահեղ ծանր», - ասաց նա:
Քրեակատարողական հիմնարկում հացադուլ իրականացնող կալանավոր Վանիկ Գալստյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պահանջը ևս նույնն է՝ իր առողջական վիճակն ազատազրկման հետ անհամատեղելի է:
«Սրտի մեծ վիրահատություն եմ տարել: Ինձ պահում են կալանքի տակ, որը չի թույլատվում: Ամեն օր ասում են՝ «էսօր էգուց, հիվանդանոցում կստուգենք կասենք՝ բաց թողնենք, թե ոչ»: Մի տարի 8 ամիս նստած եմ, 7 ամիս վիրահատված եմ: Սրտի հիվանդություններ եմ ունեցել, բայց ոչ մի անգամ դատարանում հիվանդություններս չեն հնչեցվել: Դրանից հետո եկել եմ դատապարտյալների հիվանդանոցում 8 ամիս մենակ նիտրոգլիցերինով են պահել, որ ճնշումս իջեցնեն, վերջին վայրկյանին տարել են վիրահատության: 30 տոկոսանոց մարդ եմ հիմա, 30 տոկոսանոց մարդուն կալանք հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Հրաժարվել ենք դեղորայքից ու մահվան ենք գնում: Երեկ պետով-բանով եկել էին ասում էին՝ «Վանիկ ջան, դու չես դիմանա, դուրս եկեք հացադուլից», բայց դուրս չեմ գալու», - պատմեց Գալստյանը:
Նրանք նշեցին, որ այս պահին երրորդ հացադուլ իրականացնողը՝ կալանավոր Կարեն Հովհաննիսյանն է, որը աջակողմյան ինսուլտ է տարել:
Գրիգորյանը նշեց, որ իրենք ցանկանում են իրենց խնդիրների վրա հրավիրել դատախազի, արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը՝ խնդրելով վերջիններիս հանդիպել իրենց հետ: