16/01/2020 10:30
Սկսել եմ պրոցեսից հաճույք ստանալ, իսկ դա շատ վտանգավոր է սորոսականների համար. Նարեկ Մալյան (Տեսանյութ)
Մեկ տարվա ընթացքում «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը 100-րդ անգամն է այցելում իրավապահ մարմիններին, նա հայտարարել էր, որ 100-րդ այցը հոբելյանական է և քննչական մարմնին էր ներկայացել տոնական տրամադրությամբ՝ տորթով ու շամպայնով։
«Սորոսականները տարբեր կեղծ և սուտ մատնություններով փորձում են իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Այդ բազմաթիվ կեղծ դիմում-բողոքներից որևէ մեկին ընթացք չի տրվում, քանի որ դրանք սուտ և կեղծ են։ Սա իմ 100-րդ հոբելյանական այցելությունն է իրավապահ մարմիններին։ Մի քիչ Մալաթիայի ոստիկանությունից եմ նեղացած, վերջերս իրեն շատ պասիվ է պահում, հիշում եմ՝ առաջին 15 այցելությունս Մալաթիայի ոստիկանություն է եղել։ Ընթացքում այդ ոստիկանությունը դուրս մնաց մրցակցությունից և այնպես ստացվեց, որ Արաբկիրի քննչականն առաջ անցավ ու 100-րդ այցս այստեղ եղավ», - ասաց Նարեկ Մալյանը։
Նա ասաց, թե տեղեկություն չունի, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել քննչական մարմին։
«Այն սորոսականը, ում սուտ, կեղծ մատնության արդյունքում ես 100-րդ անգամ այցելում եմ իրավապահ մարմիններին, կստանա իմ մակագրությամբ իմ «Սոդոմի փիառը» գիրքը», - ասաց Մալյանը։
Նա նաև ծաղկեփունջ էր պատրաստել քննիչի համար, քանի որ, իր խոսքով՝ հոգեբանական կապվածություն է ձեռք բերել իրավապահ մարմինների հետ։
«Տեղեկացա, որ քննիչը կին է և որոշել եմ պատշաճ ներկայանալ՝ ծաղկեփնջով։ Սորոսականներին մաղթում եմ երազանքի իրականացում, և կարծում եմ, որ այս տարվա ընթացքում նրանց հարցերն ավելի կոշտ մեթոդներով կլուծենք, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն իրենց շառերի պատճառով գործերը թողնեն ու գնան իրավապահ համակարգեր։ Ես սկսել եմ պրոցեսից հաճույք ստանալ, իսկ դա շատ վտանգավոր է սորոսականների համար», - ասաց Նարեկ Մալյանը։