16/01/2020 12:37
ԱՄՆ-ի Սենատը սկսում է Թրամփի իմփիչմենթի գործի քննությունը
ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի սկսելու է նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների քննությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում, հայտնել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը:
Ելույթ ունենալով Սենատում՝ Մակքոնելը հայտարարել է, որ հինգշաբթի կեսօրին (Երևանի ժամանակով 21:00-ին) կլսեն մեղադրողներին Ներկայացուցիչների պալատից, որոնք սենատորներին կներկայացնեն Թրամփին առաջադրված մեղադրանքի հոդվածները: Նույն օրը երդում կտա Գերագույն դատարանի ղեկավարը, որը կքննի Սենատում կայանալիք գործընթացը, որտեղ սենատորները երդվյալ ատենակալների դեր են կատարելու:
Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործը Սենատ հանձնելու օգտին: Սպիտակ տան ղեկավարին ներկայացված է մեղադրաքի երկու հոդված՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի հետաքննության խոչընդոտում: Փաստաթուղթը նաև հավանություն է տալիս յոթ մեղադրողներին, որոք դատավարության ընթացքում կներկայացնեն Ներկայացուցիչների պալատը: