16/01/2020 17:50
ԵԱՏՄ երկրներից ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների խաղացողները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ: Ռուսաստանի Սպորտի նախարարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
Ավելի վաղ Ռուսաստանի մրցաշարերում չեղարկվել էր բելառուս մարզիկների համար լեգեոներների կարգավիճակը:
Այժմ Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում սահմանվում է «6 + 5» ձևաչափի սահմանափակումը, որում միևնույն ժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան վեց արտասահմանցի ֆուտբոլիստ, իսկ հայտում ընդգրկված լեգեոներների քանակը սահմանափակ չէ: Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ ուժի մեջ կմտնի «8 + 17» ձևաչափի սահմանաչափը, ըստ որի` ոչ ավելի, քան ութ արտասահմանցի խաղացող կարող է հայտարարագրվել մրցաշրջանի համար:
Բացի այդ, ԵԱՏՄ երկրներից խաղացողները չեն համարվի բասկետբոլի, վոլեյբոլի, ռեգբիի և դաշտային հոկեյի ազգային մրցումների լեգեոներներ:
ԵԱՏՄ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: